Շոկոլադե ճանապարհը

Բառլետտայում ապրում էին երեք փոքրիկ տղա՝ երեք եղբայր: Մի օր նրանք զբոսնում էին քաղաքից դուրս և հանկարծ ինչ-որ տարօրինակ ճանապարհ տեսան. հարթ, փայլուն և ամբողջովին շագանակագույն:

-Հետաքրքիր է, ինչից է պատրաստված այս ճանապարհը,-զարմացավ մեծ եղբայրը:

— Չգիտեմ ինչից է, բայց հաստատ տախտակներից չէ,- նկատեց միջնեկ եղբայրը:

— Ասֆալտի էլ նման չէ,-ավելացրեց փոքր եղբայրը:

Գուշակում էին նրանք, գուշակում, հանկարծ ծնկի իջան և սկսեցին լիզել ճանապարհը: Իսկ ճանապարհը, պարզվում է, ամբողջովին շոկոլադե սալիկներից էր պատրաստված: Եղբայրներն, իհարկե, իրենց չկորցրին և սկսեցին ուտել այն: Կտորը կտորի հետևից ուտելով՝ եղբայները չնկատեցին ինչպես մութն ընկավ: Իսկ նրանք դեռ ուտում ու ուտում էին: Այդպես կերան ամբողջ ճանապարհը: Ոչ մի կտոր չմնաց: Կարծես թե ոչ ճանապարհ էր եղել, ոչ էլ շոկոլադ:

—         Որտե՞ղ ենք մենք հիմա,- զարմացավ մեծ եղբայրը:

—         Չգիտեմ որտեղ ենք, բայց սա Բառին չէ,- պատասխանեց միջնեկ եղբայրը:

—         Եվ իհարկե մենք Մոլետտեում չենք,-հավելեց փոքր եղբայրը:

Մոլորվեցին եղբայրները, չգիտեին ինչ անել: Իրենց բախտից մի գյուղացու հանդիպեցին, նա իր սայլակով հանդից էր վերադառնում:

— Եկեք ձեզ տուն տանեմ,-առաջարկեց գյուղացին: Եվ տարավ եղբայրներին Բառլետտա՝ ուղիղ իրենց տան մոտ:

Տղաները իջնում էին սայլակից և հանկարծ տեսան, որ այն ամբողջովին թխվածքաբլիթներից է պատրաստված: Շատ ուրախացան, և առանց երկար մտածելու սկսեցին ագահորեն ուտել այն: Սայլակից էլ ոչինչ չմնաց, նույնիսկ անիվները կերան:

Այդպես մի անգամ բախտը ժպտաց երեք եղբայրներին Բառլետտայից: Ոչ ոքի բախտը դեռ այդպես չէր բերել, և ով գիտե, բախտները կբերի երբևէ:

Ինչպես էր մի տղա խաղում հենակով

Առավոտ էր: Փոքրիկ Կլադիոն խաղում էր դարպասների մոտ, իսկ փողոցով, կռացած, հենակով, մի ծերունի էր անցնում ոսկեզօծ ակնոցներով: Դարպասների մոտ, նրա հենակն հանկարծ ընկավ: Կլավդիոն բարձրացրեց այն և տվեց ծերունուն: Նա ժպտաց:

— Շնորհակալություն: Բայց գիտես, ինձ այն այլևս հարկավոր չէ: Ես առանց հենակի էլ կարող եմ հանգիստ քայլել: Պահիր այն քեզ, եթե ուզում ես:

Եվ գնաց պաասխանի չսպասելով: Երևում էր, որ նա արդեն այդպես կռացած չէր:

Կլավդիոն այդպես էլ մնաց կանգնած հենակը ձեռքում, և չգիտեր, ինչ անել դրա հետ: Այն սովորական փայտե հենակ էր, կորացած բռնակով և երկաթե ամրակով: Հատուկ ոչինչ չկար այդ հենակի մեջ:

Կլավդիոն, մի երկու անգամ հենակով խփեց գետնին, և հետո, պարզապես խաղալով վերցրեց և հեծնեց հենկին, ինչպես խաղալիք ձիու: Եվ հանկարծ, իսկապես, հայտնվեց ձիու վրա. Մի հրաշալի սև նժույգի ճակատին սպիտակ աստղով: Նժույգը խրխնջաց, պոկվեց տեղից, և սկսեց վազել բակով՝ ոտքերի տակից կայծեր բաց թողնելով:

Երբ Կլավդիոն, հմայված և մի քիչ զարմացած, իջավ ձիուց, ապա հենակն էլ նորից սովորական փայտե ենակ դարձավ: Նրա վրա ձիու ոչ մի ոտնահետք չկար, և միայն երկաթե ամրակն էր, չկար փարթամ բաշը, այլ միայն կոր բռնակն էր:

Իսկ ի՞նչ կլինի, եթե նորից փորձեմ,- մտածեց Կլավդիոն:

Նա նորից հեծնեց հենակը: Այս անգամ, այն մեծ ուղտի վերածվեց, իսկ բակը հսկայական անապատի: Բայց Կլավդիոն չվախեցավ, և սկսեց ուսումնասիրել անծայրածիր անապատը՝ փորձելով օազիս գտնել:

Սա, իհարկե, կախարդական փայտիկ է,-որոշեց Կլավդիոն, և երրորդ անգամ այն հեծնեց. Այս անգամ նա սլանում էր վազքուղիով՝ կարմիր սպորտային մեքենայով, իսկ տրիբունաներում աղմկում էին երկրպագուները. Կլավդիոն առաջինն հասավ վերջնակետին:

Հետո հենակը մոտորային նավակ դարձավ, իսկ բակը՝ խաղաղ կանաչ ծով: Հետո Կլավդիոն հայտնվեց տիեզերական նավում՝ իր ետեևից թողնելով աստղային արահետ…

Բայց ամեն անգամ, երբ Կլավդիոն ոտքը դնում էր գետնին, հենակն ընդունում էր իր սովորական տեսքը՝ հարթ, կոր բռնակով և ժանգոտ երկաթե ամրակով:

Օրը շատ շուտ թռավ խաղերի մեջ: Իսկ երեկոյան Կլավդիոն նորից դուրս եկավ բակ և նորից տեսավ ծերունուն ինչ որ տեղից վերադառնալուց: Կլավդիոն հետաքրքրասիրությամբ ուսումնասիրեց նրան, բայց ոչ մի արտասովոր բան չտեսավ. Սովորական ծերունի էր, մի քիչ հոգնած երկար ճանապարհից:

-Հավանեցի՞ր հենակը,- հարցրեց նա Կլավդիոյին:

Կլավդիոն կարծեց ծերունին ուզում է հետ վերցնել հենակը, պարզեց այն նրան ամաչելով.

-Շնորհակալություն:

Բայց ծերունին շարժեց գլուխը.

-Թող այն քեզ մնա,-ասաց նա,-ինչիս է պետք հիմա ինձ այդ հենակը: Դու նրա օգնությամբ նույնիսկ թռչել կարող ես, իսկ ես միայն հենվում են նրան: Ես կարող եմ պատին էլ հենվել, ոչ մի տարբերություն:

Եվ ծերունին գնաց, որովհետև չկա ավելի երջանիկ մարդ աշխարհում, քան նա, ով կարող է ինչ-որ բան նվիրել երեխաներին:

Մուկը, որը կատուներ էր ուտում

Մի նիհար մուկիկ, որն ապրում էր գրադարանում, մի օր որոշեց իր ընկերներին հյուր գնալ, որոնք նկուղում էին և շատ հեռու էին ողջ աշխարհից:

—                  Դուք գաղափար չունեք, թե ինչ է կատարվում աշխարհում,-հայտարարեց նա իր երկչոտ հարազատներին,- դուք երևի նույնիսկ կարդալ չգիտեք:

— Կարևորը դու շատ բան գիտես,- հոգոցով ասացին նրանք:

— Դե, օրինակ, դուք երբևէ կատու կերել ե՞ք:

— Ինչ ես ասում: Աստված մի արասցե: Մեզ մոտ ավելի շուտ կատուներն են մկներ  որսում:

— Դա նրանից է, որ դուք անշնորհք եք: Ես իմ կյանքի ընթացքում քանի՜ կատու եմ կերել: Հավատացնում եմ ձեզ, նրանից և ոչ մեկը նույնիսկ ծպտուն չի հանել:

— Եվ ինչ, կատուները համեղ ե՞ն:

— Համեղ են: Պարզապես մի քիչ թղթի և տպագրական ներկի համ է գալիս: Բայց դրանք դատարկ բաներ են: Շուն փորձելու բախտ ունեցել եք, չէ՞:

— Ի՜նչ ես ասում, ի՜նչ ես ասում:

— Ես հենց երեկ մեկին կերա: Օվչարկա: Նա բավականին լուրջ ճանկեր ուներ, բայց, ինչևէ, նա շատ հանգիստ, առանց ծպտուն հանելու, թողեց իրեն ուտել:

— Եվ նա էլ է՞ր համեղ:

— Շա՜տ: Պարզապես սա էլ մի քիչ թղթային համ ուներ: Իսկ ռնգեղջյուր չե՞ք փորձել:

-Ինչ ես ասում: Մենք նույնիսկ չգիտենք ինչ տեսք ունի նա: Նա ինչի՞ է ավելի շատ նման՝ պարմիջանակա՞ն, թե՞ հոլանդական պանրի:

— Նա, իհարկե, նման է ռնգեղջյուրի: Իսկ փիղ կամ կուսակրոն, արքայադուստր կամ տոնածառ, երևի երբևե բախտ չի վիճակվել ուտել:

Այդ պահին կատուն, որը թաքնվել էր անկյունում դրված ճամպրուկների ետևում, սարսփազդու մլավոցով թռավ նկուղի ճիշտ կենտրոնը: Դա ամենաիրական կենդանի մեծ կատու էր՝ փարթամ բեղերով և երկար ճանկերով:

Մկները մեկ վայրկյանում թռան իրենց բները: Իսկ գրադարանային մուկը, տեսնելով կատվին, այնպես զարմացավ, որ քարացավ իր տեղում, ասես խաղալաք լիներ: Կատուն խփեց նրան թաթով և սկսեց խաղալ հետը:

— Ա՜, այդ դու ես, այն մուկը որ կատուներ է ուտում:

— Ես եմ, ձերդ պայծառափայլություն… Դուք պետք է հասկանաք ինձ… Ախր ես գրքերի մեջ եմ ապրում…

-Այո, իհարկե, հասկանում եմ, հասկանում եմ: Դու կատու ես ուտում, թղթի վրա նկարված, տպված …

— Երբեմն, և այն էլ գիտական նպատակներով….

— Իհարկե: Ես էլ եմ գրականություն շատ սիրում… Իսկ դու չե՞ս կարծում, որ կարելի է կյանքից էլ մի քիչ սովորել: Այդ դեպքում, միգուցե, դու հասկանայիր, որ ոչ բոլոր կատուներն են թղթից, և ոչ բոլոր ռնգեղջյուրներն են թողնում կրծել իրենց:

Խեղճ գերուհու բախտից, կատուն մի պահ շեղվեց, քիչ հեռու նա սարդ տեսավ, և գիտնական մուկը մի քանի վայրկյանում հայտնվեց իր գրքերի մոտ: Ստիպված կատուն գոհացավ սարդով:

 

Թափանցիկ Ջակոմոն

Ժուկով ժամանակով մի հեռավոր քաղաքում լույս աշխարհ եկավ մի թափանցիկ երեխա: Այո, այո, թափանցիկ: Նրա միջով կարելի էր տեսնել այնպես, ինչպես մաքուր աղբյուրի ջրի կամ էլ օդի միջով: Ինչպես բոլոր մարդիկ, իհարկե, նա էլ միս ու արյունից էր, բայց թվում էր, թե նա ապակուց է: Բայց երբ նա ընկնում էր,  ամենևին էլ չէր փշրվում,  ճակատին էլ աճում էր մի մեծ թափանցիկ կոշտուկ:

Բոլորը լավ տեսնում էին, թե ինչպես էր նրա արյուը շարժվում, ինչպես էր նրա սիրտը բաբախում և  ազատ կարդում էին նրա մտքերը, որոնք անցնում- դառնում էին նրա գլխում, ինչպես  աքվարիումի խայտաբղետ ձկնիկներ:

Մի անգամ տղան պատահմամբ ստեց, և մարդիկ հենց այդ պահին տեսան, թե ինչպես նրա գլխում մի հրե գունդ վառվեց: Տղան անմիջապես ուղղեց  իր սխալը և  ճշմարտությունն ասաց, և հրե գունդն ակնթարթորեն անհայտացավ:

Այդ օրվանից   ամբողջ կյանքում  նա ոչ մի անգամ և ոչ մի տառ սուտ չասաց:

Մի այսպիսի դեպք էլ պատահեց: Մի ընկեր նրան վստահեց իր գաղտնիքը: Եվ բոլորը միանգամից  տեսան, թե նրա գլխում ինչպես սկսեց անհանգիստ պտտվել մի սև գունդ: Եվ գաղտնիքը դադարեց գաղտնիք լինելուց:

Ժամանակ անցավ, տղան մեծացավ, դարձավ պատանի, հետո տղամարդ: Բայց ամեն ոք առաջվա նման կարող էր հեշտ ու հանգիստ կարդալ նրա բոլոր մտքերը: Նա նույնիսկ կարիք չուներ բարձրաձայն պատասխանել  իրեն ուղղված հարցերին:

Այդ տղայի անունը Ջակոմո էր, բայց մարդիկ նրան Թափանցիկ Ջակոմո էին ասում:

Մարդիկ սիրում էին նրան ազնվության համար և այն բանի համար, որ նրա  կողքին ամեն ինչ դառնում էր ազնիվ և բարի:

Բայց մի դժբախտ օր երկրում հեղափոխություն եղավ, և իշխանության գլուխ եկավ մի դաժան բռնակալ:

Շատ դժվար ժամանակներ սկսվեցին: Ժողովուրդը տառապում էր աղքատությունից, անարդարություններից և պատիժներց:

Այն մարդիկ, ովքեր համարձակվում էին ընդդիմանալ բռնությանը, միանգամից անհետ կորչում էին: Իսկ ովքեր բացեիբաց պայքարում էին սպանությունների դեմ, անմիջապես գնդակահարվում էին:  Վախեցածների  և ստորացվածների  նույնկերպ էին վարվում:

Մարդիկ լռում էին և վախով ամեն ինչի դիմանում: Բայց Ջակոմոն չէր կարող լռել: Եթե նույնիսկ նա բառ անգամ չէր ասում, նրա փոխարեն խոսում էին նրա մտքերը: Չէ՞ որ նա թափանցիկ էր, և շրջապատողները կարող էին ազատ կարդալ  նրա մտքերը, բոլորը տեսնում էին, թե ինչպես էր նա վրդովվում անարդարությունից և բռնությունից և անիծում բռնակալին:

Ժողովուրդը գաղտնի կրկնում էր Ջակոմոյի մտքերը և այդպիսով  կամաց-կամաց հուսադրվում:

Իմանալով դա, բռնակալը հրամայեց անմիջապես բռնել Թափանցիկ Ջակոմոյին և գցել ամենամութ բանտը:

Հենց այդ ժամանակ էլ պատահեց աներևակայելի մի բան: Այն բանտախցի պատերը , որտեղ Ջակոմոն փակված էր, նույնպես հանկարծ թափանցիկ դարձան, հետո թախանցիկ դարձան միջանցքի  պատերը, հետո բանտի արտաքին պատերը. ամբողջ բանտը կարծես ապակուց դարձավ:

Այն մարդիկ , ովքեր անցնում էին բանտի մոտով, կարողանում էին տեսնել Ջակոմոյին՝ նստած իր բանտախցում, և առաջվա նման կարողանում էին կարդալ նրա մտքերը:

Երբ գիշեր եղավ, բանտն այնքան պայծառ լուսավորեց քաղաքը, որ բռնակալը հրամայեց փակել իր պալատի լուսամուտները, որ լույսն իրեն չխանգարի: Բայց, միևնույն է, նա չկարողացավ հանգիստ քնել: Չնայած այն բանին, որ Թափանցիկ Ջակոմոն շղթայված էր և փակված էր ամենամութ բանտում , էլի նրանից ավելի ուժեղ դուրս եկավ:

Իսկ գիտե՞ք, թե ինչու… Որովհետև աշխարհի ամենաուժեղ բանը ճշմարտությունն  է , այն ավելի  պայծառ է,  քան՝ ցերեկվա լույսը, և ավելի ուժեղ է ցանկացած փոթորիկից:

 

Երկիր, որտեղ բոլոր մարդիկ կարագից էին պատրաստված

Մի անգամ մեծն ճանապարհորդ  Ջովանինո Անգործը   հայտնվեց մի երկրում, որտեղ բոլոր մարդիկ կարագից էին պատրաստված: Նրանք արևից հալչում էին ,այդ պատճառով   ամբողջ օրը թաքնվում էին ստվերում և սառը վայրերում: Ապրում էին նրանք մի երկրում, որտեղ տների փոխարեն  ամեն տեղ   հսկայական սառնարաններ էին: Ջովանինոն քայլում էր այդ տարօրինակ քաղաքի փողոցներով և տեսավ, թե ինչպես են այդ քաղաքի բնակիչները նստել իրենց սառնարան-տնակների պատուհանների մոտ՝գլխներին սառույցի կտորներ դրած: Յուրաքանչյուր սառնարանի դռան վրա կախված էր հեռախոս, որպեսզի հնարավոր լիներ բնակիչների հետ խոսել:

-Բարև,-ասաց Ջովանինոն՝ վերցնելով մի սառնարանի խոսափողը:

-Բարև,-պատասխանեցին նրան:

-Ո՞վ է խոսում,-հարցրեց Ջովանինոն:

-Այն երկրի թագավորն է, որտեղ բոլոր մարդիկ կարագից են պատրաստված: Իսկ ես բարձր որակի սերուցքից եմ, որը քամված է  ամենալավ տեսակի շվեյցարական կովերից: Դուք ուշադրություն դարձրեցի՞ք իմ սառնարանին:

-Ոչ, իսկ ինչից է ձեր սառնարանը… Դե իհարկե, այն մաքուր ոսկուց է: Իսկ դուք այդտեղից երբևէ դուրս չե՞ք գալիս:

-Ինչու չէ, մեկ-մեկ դուրս եմ գալիս, ձմռանը՝ սաստիկ ցրտին: Եվ զբոսնում եմ սառցե ավտոմեքենայով:

-Իսկ եթե, մինչ ձերդ գերազանցությունը զբոսնում է, արևը շողա՞…

-Չի կարող արևը շողալ, դա արգելված է: Ես հենց նույն պահին կհրամայեմ իմ զինվորներին նրան ձերբակալել և բանտ գցել:

-Չէ՜ մի, բանտ,- զայրացավ Ջովանինոն, ցած գցեց խոսափողը և հեռացավ այդ տարօրինակ երկրից՝ շարունակելով ճամփորդել ուրիշ երկրներում:

 

Նախագծային մեթոդով ուսուցում

Նախագծային  ուսուցումը շատ արդյունավետ, հարմար և զարգացնող ձև է:Նախագծերով աշխատելիս թե՛ սովորողները , թե՛ դասավանդողը ստիպված են սկզբում որոնողական և ստեղծագործական աշխատանքով զբաղվել: Դասավանդողը  փնտրում,  գտնում է տարբեր թեմաներ և նյութեր, կազմում նախագիծը, իսկ սովորողը արդեն սկսում է այդ նախագծի շրջանակներում հետազոտական և ստեղծական աշխատանք կատարել: Նախագծերը կիրառելի են բոլոր առարկաների համար և սա նախագծի առավելությւոններից մեկն է:

Նախագծային ուսուցումը մի տեսակ կապող օղակ է սովորողների միջև, քանի որ ենթադրում է խմբային աշխատանք, որի ընթացքում սովորողները սկում են լսել իրար, սովորել իրարից, ուղղել մեկը մյուսին և ընդհանուրի համար ջանալ:

Նախագծի կազմակերպման և իրականացման ընթացքում կարևոր է հաշվի առնել սովորողի  տարիքային առանձնահատկությունները:Նախագիծը պիտի մատչելի և դյուրին լինի սովորողների համար, սովորողը պիտի կարողանա  ինքնուրույն  ստեղծագործել , կատարել  հետազոտական աշխատանք, համակարգել ձեռք բերած գիտելիքները , զարգացնել ստեղծագործական կարողություններն ու հմտությունները: Դասավանդողը պիտի միայն ուղղորդի, խորհուրդ տա և աշխատանքները ճիշտ ուղղու վրա դնի:

Նախագիծը պետք է  ունենա սկիզբ, ընթացք և ավարտ, որը պետք է ներկայացնել տարբեր ֆիլմերի, ֆոտոշարքերի և ցուցադրությունների միջոցով, որոնք պետք է տեղադրվեն մեր կրթահամալիրի կայքում և տարբեր սոցցանցերում:  Նախագիծը  պետք է ունենա հստակ ձևակերպված խնդիրներ և նպատակներ, որոնց միջոցով  սովորողի մոտ կզարգանան շատ հմտություններ և կարողություններ: Շատ կարևոր է  նախագիծ իրակացնելիս գտնել  նոր մոտեցումներ , մեթոդներ և կարողանալ դրանք արդյունավետ կիրառել:

Նախագիծը պիտի սկսել աշխատանքի բաժանումով: Սովորողներին բաժանել խմբերի և յուրաքանչյուր խմբին տալ առաջադրանք: Առաջադրանքների կատարման համար կազմել ժամանակացույց, որից հետո սովորողները կկատարեն որոնողական, հետազոտական աշխատանքներ: Որոշակի արդյունք ունենալուց հետո դրանք կհամակարգվեն դասավանդողի կողմից, կգնահատվեն, կխրախուսվեն: Այնուհետև աշխատանքները կներկայացվեն ավարտուն տեսքով՝ որպես հաշվետվություն:

Դասավանդողը պիտի հստակ իմանա իր առջև դրված բոլոր հարցերի և խնդիրների լուծումները:

ինչպե՞ս կարող է ավելի արդյունավետ և  հետաքրքիր սկսել ու  ավարտին հասցնել տվյալ  ուսումնական  նախագիծը:

Սովորողին հետաքրքիր, մատչելի և օգտակար դարձնել այն: .

Հստակեցնել և ձևավորել սովորողի աշխարհաճանաչողությունը:

Ձևավորել և զարգացնել մեդիահմտությունները

Ուսումնական նախագծի թեմաները ընտրվում են ըստ  կրթահամալիրում գործող ուսումնական օրացույցի:

Որպես օրինակ ներկայացնեմ <<Սեբաստացու օրեր >> նախագիծը, որը կրում է հետազոտական, ճանաչողական բնույթ: Նախագծի կարևոր նպատակներից է սովորողի մոտ ձևավորել ինքնաճանաչողական գործունեության ձևավորում: Նախագծի իրականացրել ենք  Նոյեմբերի 1-ից — 16-ը: Ուսումնական նյութերը, ընթացքն ու մեթոդները նկարագրված են նախագծում:

 

Կաղամբը

Рисунок1Լինում է, չի լինում մի կաղամբ է լինում: Նա իր համար հանգիստ ապրում էր բանջարանոցում: Բանջարանոցի տերը գնաց պոկեց կաղամբին տարավ իր տուն:Կաղամբը սկզբում շատ ուրախացավ, բայց երբ տեսավ,  որ ուզում  են իրեն ուտել, վախեցավ և սկսեց խոսել.

-Ինձ մի կերեք, եկեք միասին խաղանք:

Նրանք սկսեցին խաղալ և ուրախ ժամանակ անցկացնել:

Արև Արզումանյան

Գազարը և նրա նոր ընկերները

UntitledՄի  աշնանային  գեղեցիկ  օր  գազարը  սովորականի  պես  արթնանում  է  ու  շուրջը  նայում:  Տեսնում  է,  որ  ինքը  մենակ  չէ, նրա  հարևանները  նույնպես  ծածկված  են  տաքուկ  հողով: Միայն  մի  բան  նրան  հասկանալի  չէր,  թե  ինչու  իր  հարևաններն  էլ  իր  գույնն  ու ձևը չունեն: Գազարի  հետաքրքրությունը  արթնանում  է  և  սկսում  է  հարց  ու  փորձ  անել  նրանցից: Գազարը  հպարտորեն  հարցրեց  կարտոֆիլին.
_Այ  կարտոֆիլ,  ինչո՞ւ  ես  դու  կլոր :
_Որ  իմ  կեղևները  մաքրելիս  մարդը  չհոգնի,-պատասխանեց  կարտոֆիլը:
_Իսկ  դու  ինչո՞ւ  ես  այդքան   մուգ  գույն   ստացել ,_ հարցրեց  գազարը  բազուկին:
_Իմ  մեջ  վիտամինները  ավելի  շատ  են  և մարդիկ  ինձ  սիրում  են,  երբ  ես  շաաա~տ  կարմիր  եմ  լինում ,_ պատասխանեց   բազուկը  գազարին:
Իսկ  հետո  գազարը  իր  հարևաններին  պատմեց  իր  քաղցրահամ  լինելու  և  օգտակարության  մասին: Քաղցրահամ  գազարը  իրեն  նմանեցրեց  բազուկին: Նա  կարտոֆիլին  պատմեց,  որ  իրենցից  համեղ աղցաններ  են  պատրաստում, թթվի  մեջ  են  օգտագորցում, համեղ ճաշիկներ  են  պատրաստում:
Նրանք  շատ  մտերմացան  և  որոշեցին  ամենուր  միասին  լինել…….

Կարինե Դաշյան