Դիջիպատում

2222012-2013  ուստարում շատ ձեռքբերումներ ունեցա: Քանի որ առաջին անգամ էի դասավանդում կրտսեր դպրոցում, պետք է շատ բան սովորեի սկզբից և նրանց հետ: Ինձ ամեն ինչ շատ բարդ ու դժվար հաղթահարելի էր թվում, բայց, երբ անցա գործի, հասկացա, որ շատ հետաքրքիր է փոքրերի աշխարհը և միաժամանակ շատ պատասխանատու: Կամաց- կամաց հասա նրան, որ այժմ շատ եմ սիրում իմ աշխատանքը և ամեն օր մի նոր հայտնագործություն եմ անում: Անցյալ տարի շատ ձեռքբերումներ ունեցա. կարողացա լավ հարաբերություններ հաստատել իմ սովորողների հետ, հաջող ավարտեցինք առաջին ուստարին, նոր երգեր, ծեսեր, պարեր, համակարգչային ծրագրեր սովորեցինք, փոխադարձ հարգանք և վստահություն ձեռք բերեցինք: Բայց դեռ 2013-2014 ուստարին չսկսած, բառացիորեն խուճապահար էի սպասվելիք փոփոխություններից: Անցնում էինք նոր` նախագծային ուսուցման` առանց տետր ու գրքի:

Դեռ ամռանը նախագծեր գրել ու մշակել էի, բայց չէի պատկերացնում, թե ինչպես պիտի կառուցեմ դասս, ինչ հնարքներ կիրառեմ, որ ժամանակի ավելորդ կորուստ չլինի, որ սովորողներն իրենց տարիքին անհրաժեշտ նյութերը հասկանան և յուրացնեն: Մտահոգիչ էր նաև այն, որ կարճ ժամանակում սովորողները պետք է նոր ծրագրեր յուրացնեին, համակարգչից վստահ օգտվելու հմտություններ ձեռք բերեին: Սակայն երկար մտածելու ժամանակ չկար. սեպտեմբերը եկավ, և պետք էր հարցին գործնական մոտենալ: Փորձեցի նախ ինքս հասկանալ և ինձ համար ձևակերպել`ինչ է նշանակում նախագծային ուսուցում …

Հիմա վստահ կարող եմ ասել, որ շատ ավելի դյուրին է աշխատել նախագծերով, քան առանց դրանց:

Կարճ ժամանակում սովորողները համակարգչով սկսեցին աշխատել, և, ի զարմանս ինձ, ավելի հեշտ անցան այդ փորձության միջով, քան ես էի պատկերացնում: Այժմ նրանք շատ արագ մուտքագրում են,  power point ծրագրով նյութեր են պատրաստում, մոնտաժային ծրագիր ենք սովորել, որը մի քանիսն արդեն կիրառում են նյութեր պատրաստելիս, կարողանում են օգտվել google որոնողական ծրագրից և այլն:

2014 թ-ին  շարունակելու եմ աշխատել նույն ոգևորվածությամբ,արդեն  ունեմ  մի նախագիծ, որի շրջանակներում սկսել եմ թարգմանություններ անել, որոնցով էլ իմ սովորողները մեդիագրքեր կպատրաստեն մեր գրադարանի համար և կմասնակցեն Դիջիթեքին: Պետք է աշխատեմ կատարելագործել իմ և սովորողներիս համակարգչային գիտելիքները, որպեսզի ավելի ներկայանալի դարձնեմ այն աշխատանքները, որոնք կատարելու ենք: Մաղթում եմ բոլորիս ոգևորություն, ուժ, պատասխանատվություն և վստահություն սեփական ուժերին:

Թողնել մեկնաբանություն