ԱՇՈՒՆ ԳԻՇԵՐ

Ձյունիկ լուսին
Սարի ուսին,
Դեղին-կարմիր շաղալեն,
Ալիք-ալիք խաղալեն,
Ծովի ծոցին՝
Ալ ժապավեն
Տվել բոցին։

Ծառեր, հողմեր,
Ամեն կողմեր,
Թռչուն դառել երգելով,
Հեռու-հեռու հերկելով,
Երան-երան
Թռչելով
Օդի վրան։
Այսօր, նորեն, դեմքիդ վրա գիշեր է կաթել,
Շանթ ու կայծակ ճայթելեն.
Սրտիդ խորեն արյուն կեռա՝ ամպեր են պատել,
Հուր ու փայլակ սայթելեն։

Սրտով բարի,
Հոգիդ արի՜,
Որ քու նավը
Չըշվարի:

Կյանքի կռիվ՝ ճիշտ դատելով՝
Կանաչ, խռիվ միշտ զատելով։
Դեպի առա՛ջ.
Հեռի՛ հառաչ։

ԱՇՈՒՆ ՕՐ

Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։

Գոռաց երկինք, բուք արավ,
Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։

Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցավատանջ։

Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։

ԱՇՈՒՆ ԿՅԱՆՔ

Աչքի առաջ,
Հառաչ-հառաչ,
Խորհրդավոր տերևներ,
Բունեն ընկած կեղևներ,
Հողի վրա,
Դեղին հուսով
Կողի վրա։

Լուռ, անտերունչ,
Խուլ, անմռունչ՝
Չորով-փորով կեռ ծառեր,
Ծռով-փռով լեռ քարեր,
Եվ հենավոր՝
Սարի կողին,
Ե՛վ մենավոր։

Աշուն

Ծառեր, թփեր լեցուն միրգ,
Մառան տարան գիրկ ու գիրկ,
Աշուն սնավ։

Սաղարթ–սաղարթ սարսելով,
Ոսկի տերև դարսելով
Աշուն քնավ։

Տարափ ու բուք փչելով,
Վայուն–մայուն ճչելով՝
Աշուն ծնավ:

Սուտլիկ պատումներ

IMG_7834

Ես  մի  օր  մի  ռետինի  հանդիպեցի: Նա ինձ  ասաց.
–Ես  քեզ  կդարձնեմ   բանաստեղծ, իսկ դու  ինձ կդարձնես   մարդ:
Ես ծիծաղեցի ու սկսեցի  սովորել մատիտների լեզուն:

Ռուզաննա Արամյան

Երկու ընկեր որոշել են տուն կառուցել: Առաջին ընկերը զանգում ասում է.
-Մոռացել ես, որ պիտի տուն կառուցենք :
Արդեն կառուցել եմ և ուղարկել տիզերք,-ասում է ընկերը:

Դավիթ Մկրտչյան

Մի անգամ գնացի դպրոց : Երբ ուզեցի նստել աթոռիս, աթոռս ասաց.
— Բարև, ինչպես ես: Իսկ ես պատասխանեցի.
— Լավ եմ,- և  նրան փոխեցի: Հետո հանկարծ դասամիջոցին  տեսա, որ աթոռը տղաների հետ էր խաղում, ես էլ միացա նրանց:

Մարիա Շահինյան

 

Մի օր մի մարդ գնում է տուն ու տեսնում է, որ հատակը վազում է: Հետո ոտքերի տակ է նայում և տեսնում է, որ հատակը չկա: Բայց նա չի ընկնում, ընդհակառակը կանգնած է մնում: Հետո նա գնում է հատակին փնտրելու:
Նա ամբողջ աշխարհում ման եկավ և գտավ նրան նարնջի խանութում: Նա վազեց-վազեց և հատակին բռնեց: Հենց որ հատակին բռնեց, հատակը նորից առաջվանը դարձավ և նրանք հայտնվեցին իրենց տանը:

Էրիկ Սմբատյան

 

Մի օր առավոտ էր և Առավոտը իր տնից դուրս եկավ , որ գնա Երեկոյի մոտ: Երբ նա հասավ Երեկոյի տուն և նրանք Երեկոյի տնից դուրս եկան, երեկո եղավ: Հետո նրանք որոշեցին գնալ Գիշերվա տուն և գիշեր ընկավ: Առավոտն ու Երեկոն մթին չկարողացան տուն գնալ և մնացին այնտեղ: Երբ Առավոտը որոշեց դուրս գալ, տեսնել, թե դրսում ինչ կա, առավոտը բացվեց: Առավոտը վազեց, որ Երեկոյին տեղյակ պահի: Երբ նրանք միասին դուրս եկան, մի քիչ առավոտ էր և մի քիչ էլ երեկո: Նրանք շատ արագ վազեցին իրենց տները, քանի դեռ Գիշերը դուրս չէր եկել:

Արևիկ Արզումանյան